Պատմություն

ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալությունը հիմնվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրենսդիր մարմնի՝ Ազգային խորհրդի ընդունած օրենքով։ 

Հայաստանի առաջին լրատվական գործակալության` Հայհեռագործի աշխատանքների ղեկավարումը ստանձնել է քաղաքական-պետական ականավոր գործիչ, լրագրող, հրապարակախոս Սիմոն Վրացյանը։ Սկզբնական շրջանում գործակալությունը դրվում է Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո։ 

Հայհեռագործի առաջին պաշտոնական հեռագրային ժապավենը, թողարկվել է 1919 թվականի հունվարի 15-ին։ Այն ընդգրկել է 22 կարճ լուր։ Դրանք ուշագրավ տեղեկություններ են հանրապետության առօրյայի, պետական շինարարարության հարցերի մասին։

Կարևորելով Հայաստանի լրատվական գործակալության ծնունդը, գործունեությունը՝ օրենքի ուժով ամրագրվել էր այն, որ երկրի բոլոր պետական ու հասարակական հիմնարկները պարտավորվել են տեղեկություններ տալ գործակալությանը։ Ընդ որում, արգելվել է նախքան դրանք գործակալությանը հաղորդելը, տալ մասնավոր անձանց կամ հաստատություններին։ Արգելվել է նաև գործակալության հեռագրերի արտատպումն այլ հրատարակություններում՝ բաժանորդ թերթերում դրանց հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում։ 

Անգամ սահմանվել է Հայհեռագործի հեռագրերի բաժանորդագինը․ Երևանի պարբերական հրատարակությունների համար՝ ամսական՝ 300 ռուբլի, գավառային թերթերի համար՝ 200 ռուբլի, մասնավոր անձանց համար, առանց բազմացման իրավունքի՝ 50 ռուբլի։ Բաժանորդագրության առաջին հայտը ներկայացրել է Արտաքին գործերի նախարարությունը։

Բոլոր ժամանակներում Հայհեռագործ, Հայկավռոստա, Արմենտա, ՀՀԳ, իսկ 1972 թվականից արդեն ԱՐՄԵՆՊՐԵՍ անունը ստացած լրատվական գործակալությունն իր լրատվական արտադրանքն է մատակարարել հայաստանյան ու միջազգային լրատվական գործակալություններին, թերթերին ու ամսագրերին, ռադիոյին և հեռուստաընկերություններին: 

Ի սկզբանե գործակալությունն ապահովել է իր տեղն ու դերը լրատվադաշտում, հասարակական, քաղաքական կյանքում։ Մի քանի տասնամյակ անց գործակալության լրատավական ժապավենին զուգահեռ տարվող լուսանկարչական գործը որոշվել է դնել ավելի բարձր հիմքի վրա։ 1959 թվականի դեկտեմբերին ստեղծվել է գործակալության մասնագիտացված ֆոտոծառայությունը։ Նորաստեղծ գլխավոր խմբագրության հիմնադիրն ու առաջին վարիչն էր Վոլոդյա Ամալյանը։ Ֆոտոծառայությունը շատ արագ դարձել է Հայաստանի ու արտասահմանյան մամուլի ֆոտոլրատվության գլխավոր մատակարարներից մեկը։

Ավանդույթը շարունակելով՝ «Արմենպրես»-ը ակտիվորեն լուսաբանում է հանրահռչակում և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում