Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Քննչական կոմիտեն ակցիաների մասնակիցներին կոչ է անում պահպանել հավաքների ազատության օրենսդրության պահանջները

Քննչական կոմիտեն ակցիաների մասնակիցներին կոչ է անում պահպանել 
հավաքների ազատության օրենսդրության պահանջները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ անելով պահպանել հավաքների ազատության օրենսդրության պահանջները և ցուցաբերել պատասխանատու վարքագիծ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը։

«Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և դրա մասնակիցների կողմից հանրապետության տարբեր մարզերում իրականացված բողոքի ակցիաների ընթացքում դրանց առանձին աջակիցների մասնակցությամբ արձանագրվել են առերևույթ՝ քրեական օրենքով արգելված գործողությունների բազմաթիվ դեպքեր, որոնց առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ և քրեական հետապնդումներ են հարուցվել տասնյակից ավելի անձանց նկատմամբ։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով բողոքի ակցիաները շարունակելուն ուղղված հրապարակային հայտարարություններն ու գործողությունները՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում նախազգուշացնելու, որ իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ։

Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում, իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ։

Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։

Մայիսի 9-ին, ժամը 16։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների հրավիրած հանրահավաքը։ Շարժման կազմակերպիչներն ու մի խումբ աջակիցներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, մայիսի 5-ից Իջևանից քայլերթով շարժվել են դեպի Երևան՝ իրենց աջակիցներին կոչ անելով Երևանում միանալ իրենց և մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին։

Ավելի վաղ հայտարարություններ էին տարածել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ ակցիաների կազամակերպիչներին ու մասնակիցներին կոչ անելով մնալ օրենսդրության սահմաններում, չգնալ սահմանադրական ու հասարակական կարգի խախտումների ու չցուցաբերել ոչ իրավաչափ վարքագիծ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am