Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Նեթվորքինգ միջոցառման անցկացումը կարող է Հայաստանի համար այցեքարտ լինել

Նեթվորքինգ միջոցառման անցկացումը կարող է Հայաստանի համար այցեքարտ 
լինել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LinkedIn Local Event-ը՝ Հայաստանում և տարածաշրջանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը, նոր գաղափարների գեներացման և բիզնեսի ստեղծման հարթակ էր շուրջ 300 գործարար համայնքի անդամների, ձեռներեցների, բիզնես դեմքերի, ընկերությունների թոփ մենեջերների համար: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշեց Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր, LinkedIn Local Event-ի համակազմակերպիչ Էմիլ Կրոյանը՝ խոսելով նեթվորքինգի կարևորությունից ու ստեղծած հնարավորություններից: 

«Նեթվորքինգ անելու համար պետք են հատուկ հմտություններ, սա է ամենատարածված կարծիքը։ Մինչդեռ իրականության մեջ հաջողված նեթվորքինգ անելու համար անհրաժեշտ են ճիշտ ընտրված վայր, բիզնես լսարան և ուղղորդված գործընթացներ։ Նկատել էինք, որ հաճախ միջոցառումներին մարդիկ բուն միջոցառումից զատ առավել ուշադրություն են դարձնում նեթվորքինգին ու, կարծես, կուլիսների հետևում փորձում էին ստեղծել նոր կապեր, խորացնել առկա կապերը, օգտվել ընձեռված հնարավորություններից և իրենց հերթին դառնալ հնարավորություն այլ բիզնեսների և գործարար մարդկանց համար: Հասկանալով խնդիրը՝ որոշեցինք «օրինականացնել» նեթվորքինգն ու մի ամբողջ միջոցառում նվիրել հենց դրան»,- ներկայացրեց Կրոյանը:  

Իր ձևաչափով միջազգային այս ֆորմատը՝ LinkedIn Local Event-ը, միտված է նոր մշակույթի ձևավորմանը, որը նպաստելու է ամենատարբեր մասշտաբի բիզնեսներին հիմք դնելու նոր նախաձեռնությունների և խորացնելու իրենց կապերը։ Targeting ընկերությունը դեռ տարեսկզբին հաջող փորձ էր ունեցել Լոս Անջելեսում՝ կազմակերպելով LinkedIn Local Glendale-ը տեղի հայ գործարարների համար և ոչ միայն։ Այնուհետև այս հաջողված փորձը տեղափոխեց Երևան։ 

«Միջոցառումը երկու մասից էր բաղկացած․ առաջին մասում խոսնակները խոսեցին նեթվորքինգի կարևորության և փորձառության մասին: Դրանից հետո հատուկ ֆասիլիտացիայի միջոցով փորձեցինք այնպես անել, որ մարդիկ կարողանան ծանոթանալ, ովքեր ծանոթ են՝ էլ ավելի մտերմանան, ամրապնդեն իրենց կապերը ու դա վերածեն ինչ-որ գործողության, նոր գաղափարի, բիզնեսի»,- ասաց նա: 

Կրոյանը տեղեկացրեց՝ կարևորագույն խնդիրն իրենց համար արդյունավետ հարթակ լինելն էր, որտեղ մարդիկ հատուկ ձևաչափով կծանոթանային, կշփվեին և հատուկ ձևաչափով իրենց կապը կվերափոխեին որևէ նոր գաղափարի:  

«Միջոցառման 7 խոսնակներ՝ Արմեն Դարբինյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Ռեմ Դարբինյանը, Արմինե Մկրտչյանը, Գոռ Կարապետյանը և Էմիլ Կրոյանը կիսվեցին իրենց հաջողակ պատմություններով և շեշտեցին բիզնես աշխարհում գրագետ նեթվորքինգ անելու անհրաժեշտությունը։ Խոսնակներից յուրաքանչյուրն ուներ հատուկ փորձառություն, և միջոցառման ընթացքում թեմաներն ընտրված էին այնպես, որ փոխլրացնող լինեին և յուրաքանչյուրը կարողանար նեթվորքինգը ներկայացնել յուրովի»,- հայտնեց Կրոյանը:   

Կրոյանի համոզմամբ՝ նման միջոցառումը Հայաստանի համար կարող է այցեքարտ լինել։ Նա տեղեկացրեց, որ նման միջոցառումներ աշխարհի տարբեր ծայրերում անցկացնելու, միջոցառման աշխարհագրական ցանկն ընդլայնելու նպատակ ունեն: Նրա խոսքով՝ անում են ամեն ինչ, որ հայկական բիզնես միջավայրը հետաքրքիր լինի նաև դրսի գործարարների համար: 

«Մեր ակնկալիքը նեթվորքինգի մշակույթի մեջ լումա ունենալն էր: Բոլորն են կարևորում են նեթվոիքնգը, բայց ոչ բոլոր են կարողանում ազատ, անկաշկանդ մոտենալ և նոր ծանոթություն հաստատել: Սա հենց այդ հնարավորության ընձեռման գործընթացն էր՝ մի ամբողջական հարթակի ստեղծմամբ: Նեթվորքինգն այն հմտությունն է, որի միջոցով շատ բիզնեսներ, գաղափարներ, կարևոր շփումներ և գործընկերական կապեր են ստեղծվում: Նեթվորքինգ անելու հարթակ ստեղծելը միշտ կարևոր է լինելու»,- ասաց Կրոյանը:

Կրոյանը նշեց՝ ինչքան շատ լինեն նման միջոցառումներն, այդքան շատ կլինի նոր բիզնես գաղափարի կամ համագործակցության ստեղծման հավանականությունը: Նրա խոսքով՝ իրենք բաց են համագործակցել բոլոր նրանց հետ, որոնք նման միջոցառում կազմակերպելու պատրաստակամություն կհայտնեն, նաև ազատ են խորհուրդներ տալ այն կազմակերպություններին և անհատներին, որոնք նմանօրինակ միջոցառում անցկացնելու ցանկություն ունեն:  

LinkedIn Local Yerevan միջոցառումը սրանով չի ավարտում իր անակնալները և հանդես կգա նոր նախաձեռնությամբ, մասնավորապես՝ հունիսի 14-ին Ararat Valley Golf Club-ում տեղի կունենա Business YereFun-ը՝ իր բնույթով կլինի ավելի ոչ ֆորմալ և նոր անակնկալներով մեկ այլ միջոցառում։ 

«Հունիսի 14-ին Արարատ գոլֆի ակումբում տեղի է ունենալու Business YereFun ոչ ստանդարտ բիզնես նեթվորքինգ միջոցառումը, որը իր հարկի ներքո է հավաքելու բիզնես սեփականատերերի, տնօրենների և տարբեր ոլորտների թոփ մենեջերների՝ խթանելու բիզնես համագործակցության և արդյունավետ նեթվորքինգի զարգացումը։ Այս միջոցառումը կանաչ դաշտ է ապահովելու գործարարներին համագործակցության և արդյունավետ նեթվորքինգի ընդլայնման, իրենց կապերը ամրապնդելու և առկա հնարավորություններից օգտվելուհամար։ Business YereFun միջոցառմանը ելույթ են ունենալու բիզնես ոլորտում հաջողած մասնագետներ և ներկայացնելու են բիզնես տրանսֆորմացիայի հիշարժան քեյսեր՝ ընդգծելով բիզնեսի հիմնական այս գործառույթները․ օպերացիոն մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք»,- հայտնեց Կրոյանը:

Նեթվորքինգային նման միջոցառումը, կազմակերպիչների խոսքով, երկրի տնտեսության զարգացման մի մասն է և կարող է երկրի համար այցեքարտ լինել: 

Ապրիլի 6-ին Targeting ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում և տարածաշրջանում իր ձևաչափով առաջին բիզնես նեթվորքինգ իրադարձությունը՝ LinkedIn Local Event-ը։

Կարինե Տերտերյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am